Կայացել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնմեկերորդ տուրը: Շնորհիվ երկրորդ խաղակեսում Վահե Մարտիրոսյանի խփած գոլի, առաջատարը` «Արարատը», արտագնա խաղում հաղթել է «Գանձասարին» ու քսանչորս միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Անցած տարվա չեմպիոն «Շիրակը» սեփական դաշտում 2:1 հաշվով առավելության է հասել «ՈՒլիսի» նկատմամբ ու արդեն ունի տասնհինգ միավոր: Այստեղ դուբլի հեղինակ է դարձել Դամե Դիոպը: Բավականին մեծ անակնկալ մատուցեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Ալաշկերտը»` «Միկայի» նկատմամբ առավելության հասնելով 2:0 հաշվով: Սա, թերևս, ակումբի ֆուտբոլիստների լավագույն նվերն էր իրենց նորանշանակ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվել է «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումում` 0:0: Մրցաշարային աղյուսակում «Արարատին» հաջորդում են տասնյոթ ու տասնվեց միավորներ ունեցող «Փյունիկն» ու «Գանձասարը»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ